«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան ներկայացրել է, թե նախաձեռնող խմբի առաջին կազմակերպած քննարկումից հետո ինչ փուլում են գտնվում։
«1. Առողջապահության նախարարությունը մեր կողմից իրականացված ճնշումների ազդեցությամբ բարձրացրեց վիրաբուժական թիմերի աշխատավարձի հաշվարկային տոկոսները՝ բուժաշխատողներին տրվող աշխատավարձի հաշվարկային տոկոսը 30%-ից դարձավ 35%, ընդ որում մինչև մեր կողմից իրականացվող հանրային ճնշումները ավագ բուժանձնակազմին նախատեսված էր այդ 30%-ից 50%-ը, իսկ այժմ՝ նախատեսված է 60%, որը ավագ բուժաշխատողների համար դրսևորվելու է ամեն փոխհատուցումից աշխատավարձին ավելացող 21%-ի տեսքով (վիրաբուժական թիմին), որը մինչև մեր ճնշումների սկիզբը կազմում էր 15%:
2. Առողջապահության նախարարությունը մեր կողմից իրականացված ճնշումների ազդեցությամբ բարձրացրեց անեսթեզիոլոգիական թիմերի աշխատավարձի հաշվարկային տոկոսները՝ բուժաշխատողներին տրվող աշխատավարձի հաշվարկային տոկոսը 5%-ից դարձավ 8%, որից ավագ բուժաշխատողը ստանալու է 65%, իսկ միջին բուժաշխատողը 35%: Ավագ բուժաշխատողների համար այս փոփոխությունը դրսևորվելու է ամեն փոխհատուցումից աշխատավարձին ավելացող 5,2%-ի տեսքով, որը մինչև մեր ճնշումների սկիզբը կազմում էր 3,25%:
3. Այս արդյունքը մենք արձանագրել ենք բուժաշխատողների նկատմամբ կիրառվող աննախադեպ վարչական ճնշումների մթնոլորտում։
Ցանկանում եմ արձանագրել նաև, որ՝
1. Առողջապահության նախարարությունը շարունակում է խուսափել ապահովագրական համակարգի ներդրման իրական խնդիրների հետ առերեսվելուց և ավելացնելով վարչական ճնշումների ու տեռորի չափաբաժինը շարունակում է ստեղծել տպավորություն, որ բուժաշխատողների շրջանում առկա է «համաձայնություն» այս իրավիճակի հետ։ Նախարարը համառորեն «չի նկատում» իրեն ուղղված բողոքի նամակները և իր տեսանյութերի մեկնաբանություններում բուժաշխատողների կողմից գրված՝ խնդիրները արձանագրող մեկնաբանությունները։
2. Բուժաշխատողների մի մասը, վախենալով աշխատատեղը կորցնելու վտանգից, համաձայնվում է ճկվել գործող ապահովագրական համակարգի բեռի տակ և աշխատել «մի փոր հացի» համար վարձատրվելով, բայց չի բարձրաձայնում իր ունեցած արդարացի բողոքը։
3. Բուժաշխատողների մի մասը մոռանալով սեփական գիտելիքների, առաքելության և սպիտակ խալաթի նկատմամբ ունեցած հարգանքը, պատրաստ է «վերադառնալ 90-ականներ» և աշխատել «մոխրագույն» եղանակով՝ ստանալ կոպեկներ, որպես աշխատավարձ և չբռնվելու ահը սրտում մուրալ պացիենտից գումար գոյատևելու համար։
Որպես ամփոփում, ասեմ՝
Բուժաշխատողների լայն համախմբման պարագայում, մենք կկարողանանք արձանագրել անհամեմատ ավելի լուրջ արդյունքներ և կկարողանանք այնպես տրանսֆորմացնել ապահովագրական համակարգը, որպեսզի այն սպասարկի բոլոր կողմերի շահերը։
Առողջապահության նախարարության կողմից վարչական ճնշումները շարունակվելու և ուժեղանալու են, ուստի հենց բուժաշխատողը պետք է որոշի՝ միանու՞մ է մեզ այս պայքարի մեջ, թե՞ շարունակում է հարմարվողական գործելաոճը, մինչև կհարմարվի աղքատությանն ու ի վերջո կթողնի իր մասնագիտությունը, որին նվիրել է գիտակից կյանքի զգալի մասը։
Պայքարը երկարատև գործընթաց է և պետք է զինվել համբերությամբ, որովհետև ժամանակը «աշխատում է» ի վնաս համակարգին՝ մի կողմից ի ցույց է դնում գեղեցիկ «փաթեթավորված» համակարգի բոլոր խութերը, որոնք մեր կողմից բարձրաձայնվում են, իսկ մյուս կողմից բուժաշխատողները՝ տառապելով վարկերի, կոմունալ վճարների և առօրյա ծախսերի հոգսի տակ սկսում են գիտակցել, որ պայքարին միանալը միակ ճիշտ որոշումն է։
Մենք շարունակում ենք մեր պայքարի ուղին հանուն որակյալ առողջապահական համակարգի և շարունակելու ենք աշխատել բուժաշխատողների հետ, պաշտպանել բուժաշխատողների իրավունքներն ու շահերը և հանրությանը ի ցույց դնել առողջապահության նախարարության արատավոր և չհաշվարկված գործելաոճը...»,- նշել է Գրիգորյանը։