Irakanum.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոմալին
Պարոն դեսպան արդեն մոտավորապես 10 օր է, ինչ Իրանում պատերազմ է ընթանում։ Ըստ վերջին տեղեկատվության՝ ինչպիսինն է իրավիճակն Իրանում։
– Այո, արդեն մոտավորապես 10 օր է, ինչ ընթանում է ռազմական ագրեսիան Իրանի դեմ։ Ինչպես մենք նախկինում հայտարարել ենք, մեր ժողովուրդը և զինված ուժերն ամենայն վճռականությամբ շարունակում են պաշտպանել իրենց երկիրը։ Ագրեսիա իրականացրած թշնամին մեր երկրի տարբեր կետեր իր ռմբակոծության թիրախների է վերածել, ինչի ականատեսն ենք լինում գիշերուզօր։ Դրա հետևանքով վնասվել են բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր, կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Միաժամանակ, հաշվի առնելով այն պոտենցիալը, որը ստեղծվել է մեր երկրի ներսում, ագրեսիային պատասխանելու նպատակով շարունակվում են մեր ուժեղ հակահարվածները՝ ուղղված թե՛ Պաղեստինի օկուպացված տարածքներին, թե՛ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Մենք օգտագործում ենք մեր ողջ պոտենցիալը այդ ագրեսիային պատասխանելու համար։ Ի հեճուկս նրանց ունեցած երևակայական մտքերի՝ մեր ժողովրդի ոգին բարձր է․ մարդիկ ակտիվ կերպով աջակցում են զինված ուժերին՝ փողոցներում ցուցաբերած ակտիվությամբ։ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնք վկայում են, թե ինչպես են մարդիկ տարբեր քաղաքներում, հատկապես գիշերները հավաքվում և հայտարարում դիմադրելու իրենց կամքի մասին՝ ակտիվ ներկայություն ցուցաբերելով։ Մեր ժողովուրդը չի վախեցել, խուճապի չի մատնվել։ Խանութներում որևէ ապրանքի սակավություն, ինչպես նաև մարդկանց մեծ հոսքեր չեն նկատվում։ Սրա մասին հաղորդել են որոշ միջազգային լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, CNN-ի, որի լրագրողը գտնվում է Իրանում։ Մարդիկ անսասան են։ Ինչպես մեր հրամանատարներն են ասել՝ փողոցը հանձնում ենք ժողովրդին, դուք էլ մեզ վստահեք պատերազմի դաշտը։ Սա է ներկայումս ստեղծված իրավիճակը։ Մինչ մեր դեմ ագրեսիա իրականացրած թշնամին չդադարեցնի իր ագրեսիան, մենք վճռական կերպով շարունակելու ենք մեր ինքնապաշտպանությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ արագ կավարտվի։ Այս հայտարարությունն ինչքա՞ն է վստահություն ներշնչում։
– Նախևառաջ պետք է նշեմ, որ պարոն Թրամփին ոչ մի պարագայում չենք կարող համարել վստահություն ներշնչող անձ։ Նրանք են սկսել ագրեսիան մեր դեմ, սակայն վերջին խոսքը անկասկած նրանցը չի լինելու։ Պարոն Թրամփը շատ է հանդես գալիս նման սուտ և ամեն րոպե փոփոխվող հայտարարություններով։ Մեկ ասում է՝ Հորմոզի նեղուցը բաց է, հաջորդ րոպեին ասում ՝ փակ է կամ Իրանն իրավունք չունի փակի նեղուցը։ Մեկ ասում է՝ Իրանը կբնաջնջենք, կվերացնենք, հաջորդ րոպեին հայտարարում է, որ այս պատերազմը շուտով կավարտվի։ Այն, ինչն ակնհայտ է՝ Թրամփը չի հասել այս պատերազմում իր հետապնդած նպատակներին, ուստի նրա հռետորաբանությունը հակասական է և ոչ կապակցված․ ամեն րոպե նոր բան է ասում։ Մենք հայտարարել ենք, որ ագրեսորը պետք է դադարեցնի իր կողմից սկսված ագրեսիան։ Ի լրումն դրա, չկա վստահություն նրա կողմից հայտարարված հրադադարի լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Մենք թշնամու նկատմամբ որևէ վստահություն չունենք։ Մինչ չձևավորվի կատարյալ վստահություն այն մասին, որ նրանք զղջացել են իրականացրած գործողությունների համար, բնականաբար նրանց կողմից հայտարարված հրադադարի նկատմամբ էլ վստահություն չունենք։
Ո՞րն էր միջազգային հանրության արձագանքն այս ռազմական գործողությունների նկատմամբ։ Արդյո՞ք Իրանը գոհ է այդ արձագանքներից։
- Իրականում մենք կարող ենք, ըստ ունեցած արձագանքի, երկրները բաժանել երեք խմբի։ Առաջին խմբում են այն երկրներն, ովքեր ուղիղ կերպով դատապարտել են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում հանդիսացող այս ագրեսիան։ Երկրորդ խմբում գտնվող երկրները միայն արտահայտեցին իրենց անհանգստությունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Եվ վերջին խմբում այն երկրներն են, ովքեր քար լռություն պահպանեցին։ Ցավոք սրտի, միջազգային հանրության մի հատվածը, հատկապես՝ արևմտյան երկրները, որոնք իրենց հռչակել են միջազգային օրենքների ու իրավունքի հիմնադիրները, ի հեճուկս այն բանի, որ գիտակցում են՝ Դոնալդ Թրամփը աշխարհը վերածել է բոլոր օրենքներից զուրկ ջունգլիի, լվացրեցին իրենց ձեռքերը որևէ պատասխանատվություն կրելուց և որևէ կերպ չդատապարտեցին այս հարձակումները։ Արդուհանդերձ նրանք գիտեն, որ որևէ մեկն այս աշխարհում անվնաս չի մնա այս ագրեսիայի հետևանքներից։ Հետևյալ զարգացումներից է բխում այն իրողությունը, որ էներգետիկայի և նավթի ոլորտում գների կտրուկ աճ ենք նկատում, ինչը, վստահորեն, կազդի բոլոր երկրների տնտեսություններին։
Իրանական կողմի կորուսներն ինչքա՞ն են։ Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում որքա՞ն է զոհերի թիվը։
– Սա մի պատերազմ է, որը դեռ ընթացքի մեջ է։ Ամեն րոպե իրավիճակի փոփոխություններ են տեղի ունենում, ուստի հնարավոր չէ այս պահին վիճակագրություն տրամադրել։ Միմիայն կարող եմ ասել, որ մինչ այս պահն այս սարսափելի ագրեսիայի հետևանքով մեր երկրի քաղաքացիական բնակչության շրջանում 1000-ից ավելի զոհ ենք ունեցել։ Հարձակումների ժամանակ թիրախավորվել են դպրոցներ, բնակելի շենքեր, սպորտային ակումբներ, ինչի հետևանքով զոհվել են սովորական մարդիկ։ Վիճակագրությունը փոփոխվում է, սակայն, ինչպես նշեցի, այս պահի դրությամբ այս ագրեսիայի ընթացքում մեր հայրենակիցների շրջանում զոհվածների թիվը գերազանցում է 1000-ը։
Պարոն դեսպան այս պատերազմը կարող է՞ անկայունության հանգեցնել տարածաշրջանում։ Օրինակ՝ հնարավոր է, որ այս իրավիճակը հօգուտ իրենց օգտագործեն Հայաստանի հարևան երկրները։
– Այո, դժբախտաբար, այս պատերազմը և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհի վրա: Ինչպես արդեն նշեցի, հետևանքները թե՛ տնտեսական են, թե՛ քաղաքական ու հասարակական, որոնք ապագայում կարող են ունենալ էլ ավելի լուրջ ազդեցություններ ունենալ: Հարավային Կովկասում մենք վերահաստատում ենք մեր ցանկությունն առ այն, որ այս պատերազմից ծնված բացասական հետևանքները մեր բարեկամ երկիր Հայաստանի վրա չպետք է ազդեն: Եթե որևէ մեկը շահադիտական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ կամ ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակը, ցանկանում եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետության շարունակում է պահպանել իր կողմից նախկինում հնչեցրած դիրքորոշումը. Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ներկայիս սահմանները մեզ համար կարմիր գիծ են, և այս հարցում ոչ մի փոփոխություն կամ պարտադրված լուծում մեզ համար ընդունելի չէ: Հետևաբար, մենք հուսով ենք, որ ոչ մեկի մտքով նմանօրինակ պատրանքներ չեն անցնի:
Իրանի հարևան երկրները ինչ պետք է անեն, և արդյո՞ք նրանց վարած քաղաքականությունը բավարար է:
- Իրանի հարևան երկրները, ինչպես նաև ողջ միջազգային համայնքը, պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները, որոնք են՝ ագրեսորին դատապարտելը և Իրանի նկատմամբ այս ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ միասնական ճակատ ստեղծելը: Քանզի, եթե շարունակի տիրել ստեղծված իրավիճակը, ապա ոչ մի երկիր այս պայմաններում ապահով ու պաշտպանված չի լինի: Սա է մեր հարևան երկրներից մեր ունեցած ակնկալիքը: Ի լրումն դրա, պետք է թույլ չտրվի իրենց տարածքից իրականացնել որևէ թշնամական գործողություն Իրանի դեմ, այդ թվում՝ անվտանգային կամ ռազմական բնույթի։ Եվ այն իրողությունը, որ մենք ստիպված ենք եղել թիրախավորել Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաները, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ բազաները պարբերաբար օգտագործվել են մեր երկիրն և մեր ժողովրդին հարձակումների թիրախ դարձնելու համար: Իրականում մենք այդ ռազմաբազաները չենք դիտարկեկ որպես այդ երկրների սուվերեն տարածք՝ համարելով դրանք ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող տարածքներ:
Դուք անձամբ տեսնո՞ւմ եք պոտենցիալ վտանգ Հայաստանի սահմանների մոտ:
- Ոչ, սահմանին տիրող իրավիճակը նորմալ է: Երկուստեք շարժը կա, առևտրային համագործակցությունը շարունակվում է։ Իրանում անվտանգությունը պահպանվում է, անկարգություններ կամ անհանգստություններ չկան: Չնայած մենք պատերազմի մեջ ենք, շարունակում ենք ինքնապաշտպանությունը և հակահարվածներ ենք հասցնում թշնամուն, այդուհանդերձ երկրի ներսում կարգուկանոնը պահպանվում է: Նույն իրավիճակն էլ տիրում է նաև Հայաստանի հետ մեր սահմանին. որևէ արտառոց հոսք չենք նկատել: Քաղաքացիներից միայն սահմանափակ թվով մարդիկ, ովքեր ունեն միջազգային տոմսեր և այլն, հատում են սահմանը։ Ուստի, ոչ, որևէ վտանգ չենք տեսնում: Ինչպես նշեցի նախորդ հարցում՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ մեր սահմանը լինի խաղաղության ու բարեկամության սահման, և ոչ ոք իրավունք կամ թույլտվություն չունի դրա վերաբերյալ պատրանքներ ունենալ:
Արդյո՞ք վերջին օրերին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը եղել է Իրանի դեսպանատանը Հայաստանում կամ տեղի է ունեցել հեռախոսային զրույց:
Ինչպես գիտեք՝ ի հիշատակ հեղափոխության գերագույն առաջնորդի, զոհված հրամանատարների, անմեղ քաղաքացիների և Մինաբի դպրոցի երեխաների նահատակության, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան շենքում սգո մատյանի արարողություն է տեղի ունեցել, որում ներկա են եղել մի քանի հայ պաշտոնյաներ՝ ներառյալ ՀՀ փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի փոխնախարարը և փոխնախարարներ այլ գերատեսչություններից, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ և կուսակցական ներկայացուցիչներ: Նրանք գրառում են կատարել սգո մատյանում՝ արտահայտելով իրենց զորակցությունը: ԻԻՀ նոր հոգևոր առաջնորդի՝ Այաթոլլահ Մոջթաբի Խամենեի ընտրվելուց հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել։
Irakanum.am