00:00:00

Թուրքիան արձագանքել է Հունաստանի հայտարարություններին

20:12, 05 մարտ 2026 Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին անդրադարձել է Եգեյան ծովի կղզիների ապառազմականացված կարգավիճակին, գրում է ermenihaber.am-ը:

Նա մասնավորապես նշել է. «Մենք համարում ենք, որ վերջին հայտարարությունները, որոնք հակասում են Եգեյան ծովում կղզիների ապառազմականացված կարգավիճակին անլուրջ են, անհաջող և ժամանակավրեպ։ Ոչ մի կասկած չկա Եգեյանի արևելյան հատվածի կղզիների և Դոդեկանեսի օբյեկտիվ իրավական կարգավիճակի վերաբերյալ, որոնք ապառազմականացված կարգավիճակի տակ են դրվել 1923-ի Լոզանի խաղաղության պայմանագրի և 1947-ի Փարիզի խաղաղության պայմանագրի շրջանակներում»։

Հաշվի առնելով այս իրավիճակը, զարմանալի չէ, որ որոշ շրջանակներ, ձգտում են շահարկել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ամեն առիթով փորձում են թունավորել երկկողմ հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի հետ։

«Թուրքիային ռևիզիոնիզմի մեջ մեղադրող այս շրջանակների կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ցանկացած քայլ անօրինական և անվավեր է։ Հատկանշական է, որ նույն այդ մտածելակերպը, որը նախկինում ձգտում էր ոչնչացնել Կիպրոս կղզու համահիմնադիրներից մեկին՝ կիպրոսցի թուրքերին, այսօր հայտարարում է, թե պաշտպանում է նրանց իրավունքները», -նշել է Չելիքը։

Հիշեցնենք, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հեռուստաեթերում պատասխանել է լրագրողի՝ «Կարո՞ղ է Հունաստանի կողմից Կիպրոսի Հանրապետություն զորքերի տեղակայումը լավ պատրվակ լինել Թուրքիայի համար՝ Կիպրոսի թուրք-կիպրական կողմում ուժեր պահելու համար։ Ինչպե՞ս կարձագանքեք դրան» հարցին։ Նա նշել է, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ունի մեծ ռազմական ներկայություն (40.000 զինվոր), և որ հունական ուժերի ժամանումը տարածաշրջան լավ հնարավորություն կլինի թուրքական զորքերի դուրսբերման համար։

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունում բրիտանական բազաների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո Հունաստանը հայտարարել էր, որ տարածաշրջան է ուղարկել երկու միավոր «F-16» կործանիչ և երկու ֆրեգատ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր