Այսօր ԱԺ-ում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժել են ցուցադրել ձեռք բերված զենք-զինամթերքը:
Պապիկյանը, մասնավորապես, ասաց. «Վարչապետի հայտարարությունից հետո ես ևս մի քանի անգամ, այդ թվում՝ նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպվեն, խմբակցություններին հրավիրել էինք, որպեսզի գան այն փուլում, երբ մենք հնարավորություն էինք ստեղծել, այսինքն՝ տեղափոխել էինք համապատասխան վայր նոր գնված զենք-զինամթերքը և ցուցադրում էինք բոլոր այն խմբերին, որոնք ինքնակազմակերպվում էին, իրենց համար նույնպես այդ հնարավորությունը եղել է:
«Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել: Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով: Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է 1 պատգամավոր, որ պատրաստ է գալ, և դա նա էր: Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում 1 պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի: Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն, և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորութйունը կստեղծենք: Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»: