Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։
Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։ Թաթոյանը բերում է փաստեր, չի ասում՝ մարդկանց եմ հարցրել, ինֆորմացիա ունեմ թաքուն, արբանյակային լուսանկարներով հատ-հատ ցույց է տալիս, նաև խոսում ռիսկերի մասին։ Մինչ դա ադրբեջանական դիրքերի, դրանց ամրացումների մասին «Հետք» լրատվականն է պարբերաբար արբանյակային լուսանկարներ ներկայացրել։
Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել։ Իհարկե, «Քանդենք պետությունը» կուսակցության անդամներն այս առումով ասելիք չունեն, դրա համար շուտ-շուտ նախկինների անունն են տալիս՝ հայտնի գործելաոճին հավատարիմ․ ամեն անհասկանալի իրավիճակում պետք է տալ նախկինների անունը։ Ես չեմ էլ զարմանա, որ նրանք որևէ բանից տեղյակ էլ չլինեն։ Այս ինֆորմացիան հավանաբար շատ նեղ շրջանակում է հայտնի եղել ու կոծկվել է։
Կարծում եմ՝ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա, ինչ է սա նշանակում։ Ինչո՞ւ եք մեզ բոլորիս հիմարի տեղ դրած պահում։ Ի վերջո նման բաները ինչ-որ պահից հայտնի են դառնալու։ Ու՞մ եք խաբում՝ ձեզ, թե հանրությանը…
Հ․Գ․ Ասուլիսի հղումը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում։