«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․
«Վտանգավոր հիվանդություն՝ կրճատված աշխատավարձով․
Տուբերկուլոզը համարվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, ինչը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
ԱԱՊ-ում (Առաջնային առողջապահական օղակ) գործող տուբերկուլոզի կաբինետի բժիշկներն ու բուժքույրերը կատարում են ծանր, բարձր ռիսկային և հանրային նշանակության աշխատանք՝ իրականացնելով ոչ միայն տուբերկուլոզի բուժում, այլև կանխարգելում՝ հաճախ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։
Տուբերկուլոզի կաբինետը ԱԱՊ-ի շրջանակում ապահովում է՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հսկողություն, ամբուլատոր բուժման կազմակերպում, բուժման շարունակական վերահսկում, հանրային առողջապահական հաշվառում։
ՏԲ կաբինետում սպասարկվում են տուբերկուլոզով հիվանդներ (ակտիվ և բուժման փուլում), տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորներ,ռիսկի խմբեր՝ ՄԻԱՎ ունեցողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալապես խոցելի անձինք, ՏԲ-ի կասկածով ուղեգրված քաղաքացիներ։
Եվ այս պայմաններում այդ բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է շուրջ 50 տոկոսով։
ՀՀ առողջապահության նախարարություն, եթե հիվանդությունը ճանաչված է որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող, ապա պետությունը պարտավոր է ապահովել անվճար հետազոտություն, ապահովել անվճար բուժում և դեղորայք, չթողնել բուժման ֆինանսական բեռը քաղաքացու վրա, ապահովել համապատասխան մասնագետների կողմից շարունակական հսկողություն։
Իսկ սա նշանակում է մեկ բան․ այդ ծառայության ֆինանսավորումն ու բուժաշխատողների վարձատրությունը պետք է իրականացվի բացառապես PER CAPITA սկզբունքով, ոչ թե «ապահովագրական խորհրդատվությունների», հաշվետվական մանիպուլյացիաների կամ թվային իմիտացիաների միջոցով։
Հ․ Գ․ Ինչպես կասեր դասականը՝ ուշքի եկեք…»։