00:00:00

«Ամոթ է, 21-րդ դարում լինել աշխարհի 113-րդ տնտեսությունը». Նարեկ Կարապետյան

21:11, 24 փետրվար 2026 Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը մշտապես հանդես է եկել այն տեսլականով, որ ձեռնարկատերերը պետք է զբաղվեն երկրի տնտեսության զարգացմամբ։ Սակայն ժամանակի ընթացքում, նրա խոսքով, առերեսվել ենք այն իրողությանը, որ տասնամյակներ շարունակ մեր երկրի խնդիրները չեն լուծվում։ Այդ մասին «Ազատության» եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

Տարածաշրջանի երկրները, ինչպես նշել է բանախոսը, մեծ քայլերով առաջ են գնում, մինչդեռ Հայաստանը շարունակում է հետընթաց ապրել՝ տնտեսությունը պահպանելով հիմնականում պետական պարտքի հաշվին։

Նարեկ Կարապետյանի ներկայացմամբ՝ իրենց եռառաջարկը նոր մոդելի ձևավորումն է՝ ավելի ակտիվ, տնտեսապես ավելի բաց և տնտեսական զարգացմանը միտված կառավարման համակարգ։

«Մեր երկիրը երբեք չի ունեցել տնտեսական առաջնահերթություն ունեցող ղեկավարներ, որոնք կարող էին այն դուրս բերել աղքատությունից։ 21-րդ դարում լինել աշխարհի 113-րդ տնտեսությունը, երբ երկրում յուրաքանչյուր չորրորդ մարդ աղքատ է, իսկ յուրաքանչյուր երրորդը հագուստ գնելու խնդիր ունի, ամոթ է մեր ազգի համար, որը աշխարհի տարբեր ոլորտներում ունի առաջատար ներկայացուցիչներ», — ասել է նա։

Նրա խոսքով՝ վարչապետի այլ թեկնածու չեն քննարկել․ գրեթե միաձայն հասկացել են, որ ուժի ղեկավարը պետք է լինի այնպիսի ղեկավար, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից և ունի հայկական ամենամեծ կազմակերպությունը ղեկավարելու փորձ։

Կարապետյանը վստահեցրել է, որ Սամվել Կարապետյանը կարող էր այլ կյանքով ապրել, սակայն երկրի առաջնահերթությունները նրան մղել են այս քայլին։ Նրա համոզմամբ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերները հենց նա է ի վիճակի լուծելու։

Նարեկ Կարապետյանը նաև հերքել է այն պնդումները, թե հնարավոր թեկնածու կարող էր լինել Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ աշխարհում գալիս է մի ժամանակաշրջան, երբ գործարքների գնալու և արդյունավետ բանակցելու պոտենցիալը վճռորոշ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի մակարդակով նշվել է, որ Սամվել Կարապետյանը հաջող գործարքներ կնքելու մեծ փորձ ունի։

Միաժամանակ ընդգծվել է, որ Կարեն Կարապետյանին պաշտոնական առաջարկ չի արվել, թեև որոշ քննարկումներ եղել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր