Փետրվարի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 24-ամյա Ալինա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 17։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Չեխովի փողոցի 39 հասցեում գործող «Այլոնկա» զարգացման կենտրոնի իր աշխատասենյակում պայուսակի միջից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 1 մլն 500 հազար դրամ գումար, նույնականացման և բանկային քարտ, որի մեջ եղել է 9 հազար դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Վրաստանի քաղաքացի 57-ամյա Մամուկա Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալինա Պ․-ն «Այլոնկա» զարգացման կենտրոնի տնօրենն է։