Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում են Մայր Աթոռից:
՛՛Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։
Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։
Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե մեղադրյալի կարգավիճակով։