«Այս քրեական վարույթի նախաձեռնությամբ Քննչական կոմիտեում իրավաբանությունը կարելի է համարել ավարտված»,- ՔԿ-ի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ որպես մեղադրյալներ» ճանաչելուն։
«Ամբողջովին անտրամաբանական, հակասահմանադրական և ապօրինի գործընթաց է, պետության կողմից ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Նման դատական ակտ նորմալ իրավական պետության մեջ ուղղակի գոյություն ունենալ չէր կարող, ուր մնաց թե քրեական վարույթ նախաձեռնվեր դա չկատարելու համար։ Իրավապահ մարմինների գործողությունները քաղաքական ռեպրեսիաների իրագործում են, արշավ՝ ընդդեմ մեր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ներքին կանոնակարգերի։ Չի եղել նման դեպք, համենայն դեպս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որ դատարանը միջամտեր եկեղեցու ներքին գործերին ու ինչ-որ կանոնակարգերին վերաբերող ակտեր կայացներ։ Սա մեծ արկածախնդրություն է, որը պետության անվտանգությանն է ուղղված, և կարող է շատ վատ ավարտ ունենալ»,-նշեց փաստաբանը։