ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր․ օր․-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 10-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի նկատմամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել են թվով 8 փաթեթներ։
Փաթեթների զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել են ընդհանուր 21․9գ. քաշով կանաչավուն «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցին բնորոշ սուր հոտով զանգված, 0․8գ. քաշով սպիտակ գույնի փոշենման և բյուրեղանման զանգված, 2․9գ. քաշով փոշենման դարչնագույն զանգված։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ․ Այվազյանը հայտնել է, որ այն ցանկացել է փոխանցել իր պաշտպանյալին։
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3/րդ մասի 2-րդ կետի՝ Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը`առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածը․ հանցափորձ, 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։