Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում, կան վիրավորներ։ Տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Հ.-ն, 26-ամյա Ռաֆիկ Շ.-ն և 24-ամյա Ալբերտ Դ.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ հունվարի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն Ռաֆիկ Շ.-ի, Ալբերտ Դ.-ի, Կարեն Հ.-ի և մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։