Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ծրագիրը: Նա հավելել է, որ «խաղաղությունը հեռու չէ»։ Էրդողանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքմենստանից վերադառնալիս, որտեղ նա նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Պուտինի հետ մեր այս հանդիպումից հետո մենք հույս ունենք հնարավորություն ունենալ նաև խաղաղության ծրագիրը քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խաղաղությունը հեռու չէ, մենք կարող ենք այն տեսնել»,-նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ օրակարգում է եղել նաև Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային որպես վարկ տրամադրելու՝ Բրյուսելի ծրագիրը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու առաջնորդները համաձայնել են, որ նման անխոհեմ գործողությունները կարող են խաթարել միջազգային առևտրային և ֆինանսական հարաբերությունները կանոնակարգող Բրետոն Վուդսի համակարգը: