Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել, հայտնել է տարածաշրջանային հրատարակությունների Uutissuomalainen խումբը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է արգելապատնեշի երկարությունը հասցնել 200 կիլոմետրի, իսկ նախագիծն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա ամառ։
Ըստ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության՝ արգելապատնեշի բարձրությունը 4,5 մետր է, որից մոտավորապես մեկ մետրը կազմում է փշալարը։ Արգելապատնեշի մի մասը գետնի տակ է։
Նշենք, որ Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ է ֆիննական իշխանությունների որոշմամբ՝ մինչև հետագա ծանուցում: