«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում է ընդգրկվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
Մենք տեղեկացանք, որ Ղալամքարյանն այժմ բավականին ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու որոշել է խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հետ լինել: Հիշեցնենք, որ Ղալամքարյանը «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ էր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ:
Նա այս տարվա՝ 2025 թվականի սեպտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում:
2007 թվականից սկսած Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել՝ Կոնգրեսի ակտիվ պայքարողների շարքում:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել Կոնգրեսի առաջնորդների վարած քաղաքականությունը: Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է: