Ռուսաստանը ցանկացած դեպքում վերահսկողություն կհաստատի Դոնբասի նկատմամբ՝ լինի դա ռազմական թե այլ ճանապարհով: Այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն չէին ցանկանում լինել Ուկրաինայի կազմում և դա արտահայտել են հանրաքվեում»:
Պուտինը հավելել է, որ Մոսկվան չի համաձայնել ամերիկյան խաղաղության ծրագրի որոշ կետերի հետ. դա բարդ աշխատանք է: ԱՄՆ-ն, նրա խոսքով, առաջարկել է ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի և քննարկել առանձին:
Ըստ ՌԴ նախագահի՝ Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար է եղել, նրանց ներկայացրած առաջարկները հիմնված են Թրամփի հետ նախկին քննարկումների վրա:
Կրեմլի ղեկավարը հավելել է, որ եվրոպացիները պետք է ներգրավվեն Ուկրաինական կարգավորման աշխատանքներում, այլ ոչ թե խանգարեն։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ Մեծ ութնյակ։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան դադարել էր մասնակցել խմբի հանդիպումներին դեռ մինչև 2014 թվականը, երբ G8-ը դարձավ G7: