Հակակոռուպցիոն դատարանն, այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց վերացնել ԱԺ «Հայաստան» պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը:
Սեյրան Օհանյանի և «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստին այսօր նման միջնորդությամբ հանդես եկավ Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Դատարանը, հաշվի առնելով նախկինում նրան դրսևորած պատշաճ վարքագիծը, որոշեց վերացնել նրա խափանման միջոց բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, որպես պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, իրականացնել զինված ուժերի անմիջական ղեկավարումը, կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ՝ շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը և, չունենալով կառուցապատման իրավունք, հանձնարարել է իր ենթակա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։
Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունն Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում: