Բրյուսելն ու Կիևն ավելի լավ է` հիմա համաձայնեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրին, քանի որ իրավիճակը նրանց համար գնալով վատանում է։ Այս մասին ԵՄ երկրների առևտրի նախարարների նիստից հետո հունգարացի լրագրողների հետ զրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ Բրյուսելից մինչև Վարշավա և Վիլնյուս եվրոպական բոլոր քաղաքական գործիչների համար միակ ընդունելի պահվածքը, հաշվի առնելով մարդասիրությունն ու ողջամտությունը, կլիներ ամերիկյան խաղաղապահ ջանքերին և այդ 28 կետից բաղկացած խաղաղ պլանին անվերապահ, լիակատար աջակցությունը։ Ավելի լավ չի լինի. իրավիճակն օրեցօր վատանում է»:
Սիյարտոյի խոսքով՝ էսկալացիայի ռիսկի, եվրոպական անվտանգության, տնտեսության, մարդասիրական վիճակի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության տեսանկյունից իրավիճակն անընդհատ վատթարանում է, և «չկան այնպիսի ասպեկտներ, որոնք հակամարտության շարունակման դեպքում կբարելավվեն»:
Նա հավելել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում խաղաղության ծրագիրը խափանելու, սաբոտաժ անելու և դրա ընդունումն անհնարին դարձնելու իրենց գործելաոճից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը շարունակվում է: Իր հերթին Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար: