Վերջին 33 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում բնական աղետներից գյուղատնտեսությանը պատճառված վնասը գնահատվում է 3,26 տրիլիոն ԱՄՆ դոլար․ տարեկան միջինը՝ 99 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է համաշխարհային գյուղատնտեսական ՀՆԱ-ի մոտ 4%-ը։ Այս մասին ասվում է FAO-ի «The Impact of Disasters on Agriculture and Food Security 2025» նոր զեկույցում։
Փաստաթղթում գնահատական է տրվում, թե ինչպես են բնական աղետները՝ երաշտներից ու ջրհեղեղներից սկսած մինչև վնասատուների ներխուժումներն ու ծովի անոմալ ջերմաստիճաններն, ազդում պարենամթերքի արտադրության և սնման վրա, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։
Այսպես, 1991-2023 թվականների ընթացքում արտակարգ իրավիճակների հետևանքով ոչնչացվել է 4,6 միլիարդ տոննա հացահատիկ, 2,8 միլիարդ տոննա միրգ ու բանջարեղեն, 900 միլիոն տոննա միս ու կաթնամթերք։ Համաշխարհային կորուստների ամենամեծ մասը բաժին է ընկնում Ասիային՝ 47% (1,53 տրիլիոն ԱՄՆ դոլար)։