Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի ղեկավար կազմի նկատմամբ իրականացվող կոռուպցիոն քննության շրջանակում պատրաստված մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
3900 էջից կազմված մեղադրական եզրակացությունում որպես «կասկածյալ» նշվել է 402 անձ, որոնցից 105-ը այս պահին կալանավորված են։
Նշվում է, որ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ներկայացվել է 142 գործով մեղադրանք, և նրա համար պահանջվել է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։
Մեղադրական եզրակացության մեջ, որտեղ Իմամօղլուին բնորոշում են որպես «շահադիտական նպատակներով ստեղծված հանցավոր խմբավորման» ղեկավար, ներառված են հետևյալ մեղադրանքները․ «հանցավոր կազմակերպության հիմնել և ղեկավարել», «հանցավոր կազմակերպությանը անդամ լինել», «կազմակերպության հիերարխիկ կառուցվածքին չպատկանելով՝ գիտակցաբար և կամովին օժանդակել», «կաշառք ստանալ և տալ», «լիազորությունների չարաշահում», «մրցույթի արդյունքներին միջամտություն», «հանրային կառույցների և հաստատությունների հաշվին խարդախություն», «հարկային օրենսգրքի խախտում», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի լվացում», «անհատական տվյալների ապօրինի հավաքագրում, ձեռք բերում և տարածում» և «միջավայրի դիտավորյալ աղտոտում»։
Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդն է, շարունակում է ձերբակալված մնալ այս տարվա մարտի 19-ից սկսած։ Ավելի վաղը Ստամբուլի համալսարանը չեղյալ էր համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում: