Վրաստանի կառավարությունը ցանկանում է շարունակել իր ճանապարհը դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն, բայց միայն այն պայմանով, որ Բրյուսելը կգործի արդար և այդ հարցը չի օգտագործի որպես շանտաժի գործիք։ Այս մասին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) հետ հարցազրույցում, փոխանցում է Նովոստի-Գրուզիա-ն։
«Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պահանջվեց մեկուկես տարի։ Մենք ստիպված էինք պայքարել դրա համար։ Բացի այդ, թեկնածուի կարգավիճակն օգտագործվեց շանտաժի համար։ Հետագայում նրանք սկսեցին մեզ շանտաժի ենթարկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցով, ինչը լավ չէ, քանի որ ի վերջո դա անկարգություններ առաջացրեց Վրաստանում։ Իհարկե, մենք դեռևս ունենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նպատակ, բայց մենք ցանկանում ենք շարունակել գնալ այդ ճանապարհով միայն կանոններին և արդարության սկզբունքին համապատասխան։ Ահա մեր ընդհանուր մոտեցումը», – ասել է Կոբախիձեն։