Այժմ բացվում է նոր դարաշրջան. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային երթուղին ապաշրջափակվել է և առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ռուսական հացահատիկով լի 15 վագոն Ադրբեջանից կժամանի Վրաստան, իսկ այնուհետև կառաքվի Հայաստան: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
«Այո, հացահատիկը գալիս է, այո՛, այն ամենամոտ ժամանակներս արդեն կհայտնվի Հայաստանի տարածքում»,- նշել է նա։ Մելնիկովը հայտնել է, որ ղազախական հացահատիկը այսօր Ռուսաստանի տարածքից կհասնի Ադրբեջանի տարածք և առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ Հայաստան։ «Մենք, անկասկած, շատ ենք սպասում այս իրադարձությանը։ Մեր՝ երկաթուղայինների համար, շատ կարևոր իրադարձություն է այն փաստը, որ այժմ մենք հնարավորություն ունենք Ղազախստանից, Ռուսաստանից և այլ պետություններից, բեռներ հասցնել Հայաստան, ընդհուպ մինչև այն, որ հիմա կարող ենք նույնիսկ կոնտեյներային գնացքներով բեռնափոխադրումներ իրականացնել Չինաստանից»,- հավելել է նա։
Մելնիկովը վստահություն է հայտնել, որ այս երթուղին պահանջարկ կունենա՝ հավելելով, որ ապագայում երկաթուղով ավելի շատ բեռնատար գնացքներ կուղարկվեն։ Նա գնահատել է, որ դա կթեթևացնի Վերին Լարսի գերբեռնվածությունը և կնվազեցնի Սևծովյան բավականին թանկ ծովային երթուղով բեռնափոխադրման ծախսերը։
«Սա շատ կարևոր երթուղի է մեր գործընկերների համար, ովքեր հացահատիկ և նավթամթերք են ներմուծում Հայաստան։ Այն պահանջարկ կունենա մեր գործընկերների կողմից», - եզրափակել է Ալեքսեյ Մելնիկովը։