Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույայի հետ հարցազրույցը, որում նա հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»: Ըստ դեսպանի՝ այս միջանցքը «մեծ դեր է խաղում Արևելքից Եվրոպա և հետ տարանցիկ տրանսպորտի և լոգիստիկայի զարգացման գործում: Դա մեծ նվաճում կլինի: Մեր ընկերություններն էլ քննարկում են դեպի Բալթիկ ծովի նավահանգիստներ երթուղու ընդլայնումը: Չնայած դեռևս կոնկրետ նախագծեր չկան, այս նախաձեռնության մասշտաբները տպավորիչ են»:
Այդ առումով «Хроники Кавказа»-ի խմբագրակազմը պաշտոնական հարցում է ուղարկել Լատվիայի արտգործնախարարություն՝ խնդրելով պարզաբանել երկրի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք» եզրույթի գործածման վերաբերյալ, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում այն, և որ եզրույթը Վաշինգտոնյան համաձայնագրերում պաշտոնապես չի գործածվում: Հարցման մեջ միաժամանակ հարց է ուղղվել, թե արդյոք Լատվիան ծրագրո՞ւմ է տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնությունները խթանելիս հիմնվել միջազգային նախագծերի վրա, ինչպիսին է TRIPP-ը, և համակարգել իր դիրքորոշումը գործընկերների հետ՝ երկիմաստությունից խուսափելու համար:
Լատվիայի արտգործնախարարությունը մեր հարցման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն է տվել. «Շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի արտգործնախարարության միջազգային տերմինաբանության գործածման շուրջ պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ Ձեր հետաքրքրության և հարցերի համար։
Լատվիան հարգում է միջազգային համաձայնագրերը և գործընկեր երկրների դիրքորոշումները, և ձգտում է ապահովել պարզություն և վիճելի տերմինաբանություն օգտագործելիս խուսափել թյուրըմբռնումներից։
Պաշտոնական հայտարարություններում և իր դիրքորոշումը արտահայտելիս Լատվիան օգտագործում է միջազգայնորեն ճանաչված տերմինաբանություն։ Տարածաշրջանային տրանսպորտային կապի ներկայիս նախագծին և դրան առնչվող հարցերին վերաբերող ցանկացած պաշտոնական հղում հիմնված է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագրում (Trump Route for International Peace and Prosperity - TRIPP) ամրագրված սահմանումների վրա։ Այս տերմինաբանությունը արտացոլում է Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային գործընկերների ընդհանուր ըմբռնումը։
Report.az-ին տված հարցազրույցում Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան արտահայտել է իր կարծիքը և «Զանգեզուրի միջանցքը» նշել որպես իր ընդունող երկրի հանրային դիսկուրսում օգտագործվող եզրույթներից մեկը։
Լատվիան աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը խթանող տրանսպորտային և առևտրային կապերին, որոնք հարգում են կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ առանց միջամտելու կողմերի ինքնիշխանությանը։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկած դրական քայլերը։