Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար եւ Ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուպերին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հյուրը շնորհավորել է Ալիեւին «հաջողությունների համար, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման հարցում՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ»,- նշվել է լրատվամիջոցների հաղորդագրություններում։
«Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ պետության ղեկավարը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերն այդ հարցում։ Ընդգծելով, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի զարգացման համար, նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանն արդեն հարմարվել են կյանքին խաղաղության պայմաններում։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է վերջին ժամանակներս երկկողմ հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։