00:00:00

Նախկին դատապարտյալը ընկերուհու արկածների մասին իմանալով՝ դաժանաբար սպանել է նրան

15:18, 05 մարտ 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ռաֆիկ Խ.-ի գործի դատական քննությունը: 25-ամյա Ռաֆիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Ռաֆիկի ընկերուհին է՝ Լենա Ս.-ն (անունը փոխված է): Դատարանը հիմնավորված է համարել գործի հետևյալ հանգամանքները: 2012 թվականի նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը նա կրել է «Կոշ» ՔԿՀ-ում: Պատիժը կրելու ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերին, Ռաֆիկը հեռախոսազանգով ծանոթացել ու մտերմացել է Լենա Ս.-ի հետ: 2017 թվականի մարտի 3-ին Ռաֆիկն ազատվել է պատժի կրումից: Եկել է Երևան՝ քեռու տուն, իսկ ժամը 18-ի սահմաններում գնացել է Լենայի տուն: Այդ օրը Լենայի ծննդյան օրն էր: Ռաֆիկը ծանոթացել է Լենայի մայրիկի ու քեռու տղայի հետ: Երեկոյան Լենային շնորհավորելու են եկել նրա ընկերները: Խնջույքի ընթացքում Լենան ու Ռաֆիկը ալկոհոլ են օգտագործել: Ժամը 22-ի սահմաններում հյուրերը գնացել են: Լենան Ռաֆիկին առաջարկել է գնալ ակումբ՝ զվարճանալու: Բայց Ռաֆիկը դեմ է եղել, որ Լենան ալկոհոլ օգտագործած վիճակում ակումբ գնա: Լենան ու Ռաֆիկը այդ հարցի շուրջ վիճել են: Ռաֆիկը զայրացել, ձեռքը բարձրացրել ու ասել է, թե կխփի, բայց չի խփել: Լենան նստած տեղից վեր է կացել, նրա ոտքը դիպել է սեղանին, սեղանը շրջվել է, ափսեներն ու բաժակները ջարդվել են: Ռաֆիկը դուրս է եկել Լենայի տանից: Հաջորդ օրը Ռաֆիկը նորից գնացել է Լենայի տուն: Ամբողջ օրն անցկացրել է այնտեղ: Ժամը 23-ի սահմաններում Ռաֆիկը խանդի հողի վրա վիճել է Լենայի հետ: Վիճաբանության ժամանակ նա խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Լենայի որովայնին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վերքի ձևով՝ մեծ ճարպոնի, զստուղու գալարի վնասումով, ինչն ուղեկցվել է տարածուն թարախաֆիբրինային պերիտոնիտով: Այս միջադեպի ժամանակ Լենայի մայրը տանը չի եղել, իսկ քեռու տղան գտնվել է լոգարանում: Լենային հարվածելուց հետո Ռաֆիկը դանակը նետել է սեղանին: Լենան վերցրել է դանակը: Ռաֆիկը քաշել է նրաձեռքից, որ դանակը խլի, այդ ընթացքում վնասել է իր ձեռքը: Այնուհետև Ռաֆիկը վիրակապել է Լենայի որովայնը: Լենան փոխել է հագուստը: Պայմանավորվել են, որ Լենայի հարազատներին կասեն՝ իբր նա անսպասելի ցատկել է դանակով միրգ կտրտող Ռաֆիկի գիրկը, ու խոհանոցային դանակը պատահաբար մտել է նրա որովայնը: Գիշերը Լենայի ինքնազգացողությունը վատացել է: Նրան ցավազրկող են տվել: Առավոտյան նրա վիճակն այնքան է վատացել, որ Ռաֆիկն անձամբ շտապօգնություն է կանչել: Լենային տարել են հիվանդանոց, փրկել են: Ըստ Ռաֆիկ Խ.-ի ցուցմունքի՝ դեպքի օրվա երեկոյան Լենայենց տանը ինքն ու Լենան զրուցել են: Լենայի մայրը տանը չէր, քեռու տղան լոգասենյակում էր: Ինքը նստած էր հյուրասենյակ բազկաթոռին, իսկ Լենան՝ իր ոտքին: Լենան իրեն պատմել է նախկին ընկերների մասին: Ինքը նրան ասել է, թե չի ցանկանում լսել՝ նախկինում նա ում հետ է եղել, դա իրեն չի հետաքրքրում: Լենայի պատմությունից ինքը զայրացել ու պահանջել է, որ նա վեր կենա իր գրկից: Լենան վեր է կացել, կանգնել է իր կողքին, ձեռքը դրել է իր գլխին ու ասել է, թե էլի բան կա, որ ցանկանում է պատմել իր նախկին կյանքից: Ինքը շատ ուժեղ խանդել է: Բազկաթոռի կողային հատվածում այդ պահին խոհանոցային դանակ կար: Վերցրել է այն ու մեկ անգամ հարվածել է Լենայի փորին: Հետո դանակը գցել է սեղանի վրա: Լենան դանակը վերցրել է: Ինքը վախեցել է, որ նա այդ դանակով ինքնավնասում կարող է անել, ձախ ձեռքով դանակը քաշել-վերցրել է նրա ձեռքից, որի ժամանակ վնասել է իր ձեռքը: Դրանից հետո օգնել է Լենային՝ պառկեցրել է մահճակալին: Լենան փոխել է արյունոտ շորերը: Ինքը վիրակապել է նրա վերքը: Լոգարանից դուրս եկած տղային ասել են, թե Լենան անսպասելի թռել է իր գիրկը, ու դանակը պատահաբար մտել է նրա որովայնը: Գիշերն ինքը մնացել է Լենայի կողքին: Երբ Լենայի ինքնազգացողությունը վատացել է, նրան ցավազրկող է ներարկել: Ամբողջ գիշեր արթուն նստել է Լենայի կողքին: Առավոտյան ճնշված վիճակում դուրս է եկել տանից, պատահական տաքսիով գնացել է Կիևյան փողոց, ճանապարհին դանակը դեն է նետել… Կեսօրին նորից վերադարձել է Լենայի տուն: Տեսել է, որ նա շատ վատ է զգում, զանգել է շտապօգնություն: Լենային տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն… Ռաֆիկ Խ.-ն պնդել է, թե Լենային դանակով հարվածել է խանդի պատճառով, զղջում է այդ արարքի համար, խնդրում է մեղմ վարվել: Տուժողը նույնաբովանդակ ցուցմունք է տվել, ասել է, թե Ռաֆիկից բողոք, պահանջ չունի: Նա ասել է, թե վնասվածք ստանալուց հետո չի ցանկացել շտապօգնություն զանգել՝ մտածելով, թե Ռաֆիկին վատություն կանի՝ ոստիկանները կիմանան նրա արարքի մասին, նորից կբռնեն… Դատարանը որպես մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել վնասվածք պատճառելուց հետո Ռաֆիկի կողմից տուժողին օգնություն ցույց տալը: Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը Ռաֆիկ Խ.-ի կողմից: Ռաֆիկ Խ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկման: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր