Կարակասում Իրանի դեսպանությունը դատապարտել է 2025թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակը վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին հանձնելու որոշումը՝ այն անվանելով «ծաղր խաղաղության հայեցակարգի հանդեպ»,- տեղեկացրել է Mehr-ը։
Շաբաթ օրը Վենեսուելայում Իրանի դեսպանությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է. «Խաղաղության մրցանակը նրան հանձնելը, ով արդարացնում է ցեղասպանությունը Գազայում եւ կոչ է արել օտարերկրյա ռազմական ագրեսիայի Վենեսուելայի դեմ, զարգացող աշխարհի հանդեպ Արեւմուտքի բաժանարար եւ ինտերվենցիոնիստական տրամադրվածության եւս մեկ վկայությունն է»։
Ուրբաթ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Մարիա Կորինա Մաչադոյին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանի համար, որ նա պաշտպանել է «Վենեսուելայի ժողովրդի դեմոկրատական իրավունքների առաջմղումը»։ Սակայն քննադատները կասկածի են ենթարկել Մաչադոյի կողմից Իսրայելին բացահայտ աջակցությունը։
Մաչադոն աջակցություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարությանը եւ նշել, որ ընտրվելու դեպքում Վենեսուելայի դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ, քայլ, որը կհամապատասխանեցնի Վենեսուելան Վաշինգտոնին եւ կնշանակի ակնհայտ հեռացում պաղեստինյան գործին նրա պատմական աջակցությունից։
Մաչադոյի «Վենտե Վենեսուելա» քաղաքական կուսակցությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հետ՝ խոստանալով ամրապնդել հարաբերությունները Վենեսուելայի եւ Իսրայելի միջեւ։