Իրանի և Հայաստանի միջև գտնվող Նորդուզի մաքսային կետի տնօրեն Ռեզա Թաղիզադեն հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին արտահանվել է ավելի քան 644 հազար տոննա ապրանք, որի արժեքը գերազանցում է 152 միլիոն դոլարը: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA-ն։
Նշվում է, որ պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշով աճել է 29 տոկոսով և 72տոկոսով՝ դոլարային արտահայտությամբ։ Այս մաքսային կետով արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ամրանները, ցեմենտը, պրոֆիլները, մրգերը, կլինկեր և նատրիումի սուլֆիդը»:
Թաղիզադեի խոսքով՝ Նորդուզի միջոցով տարանցման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 176 հազար տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելի է։
«Տարանցման հիմնական ապրանքները ներառում են ավտոպահեստամասեր, ծխախոտ, մրգեր, տարբեր սարքեր և սարքավորումներ»,-ասել է նա և հավելել է, որ նշված ժամանակահատվածում մաքսանենգության 56 դեպք է բացահայտվել: