Գիտնական Ալբերտ Այնշտայնին (1879-1955) պատկանող ջութակը վաճառվել է գրեթե 1,1 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,5 միլիոն ԱՄՆ դոլար): Վաճառքի մասին հայտնել է The Daily Mail-ը՝ բրիտանական Dominic Winter աճուրդի տան կազմակերպած աճուրդից հետո:
Հարաբերականության տեսության հեղինակը երաժշտական գործիքը ձեռք է բերել Գերմանիայում 1890-ականների կեսին՝ Շվեյցարիա մեկնելուց կարճ ժամանակ առաջ՝ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու համար: Երբ 1930-ականներին նացիստները իշխանության եկան, Այնշտայնը որոշեց արտագաղթել Միացյալ Նահանգներ: Իր իրերի անհետ կորչելուց խուսափելու համար նա դրանք նվիրեց ֆիզիկոս Մաքս ֆոն Լաուեին: Դրանց թվում էր վերոնշյալ ջութակը՝ առաջինը, որը գիտնականն անձամբ գնել էր, ինչպես նաև հեծանիվ և փիլիսոփայության գիրք, որը երիտասարդ Այնշտայնին նվիրել էր նրա հայրը:
Քսան տարի անց ֆոն Լաուն այդ իրերը նվիրել է Այնշտայնի մեծ երկրպագու Մարգարետա Հոմրիխին՝ Բրաունշվայգից: Իրերը մնացել են նրա ընտանիքի մոտ ավելի քան 70 տարի: Հոմրիխի ծոռնուհին որոշել է դրանք հանել աճուրդի։ Ջութակի գնահատված արժեքը 200 հազարից մինչև 300 հազար ֆունտ ստեռլինգ էր (270 հազարից մինչև 405 հազար ԱՄՆ դոլար)։
Այնշտեյնը սկսել է ջութակ նվագել մանկուց՝ մոր՝ Պաուլինայի հորդորով, և պահպանել է այդ կիրքը ամբողջ կյանքի ընթացքում՝ հաճախ ընկերների համար կատարելով Մոցարտի, Բախի և Բեթհովենի ստեղծագործությունները։ Նա նվագում էր նաև մեդիտացիայի ժամանակ. գիտնականն ասում էր, որ երաժշտությունն օգնում է իրեն մտածել։ Նա իր բոլոր ջութակները, դրանց թվում՝ Անգլիայում վաճառվածը, անվանում էր «Լինա»։