Արգիշտի Մեխակյանի՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար նշանակվելուց հետո Արմավիրի մարզի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է որոշում չուներ Արմավիրի մարզպետ նշանակելու հարցի շուրջ: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքական որոշումը Փաշինյանն արդեն կայացրել է և Արմավիրի մարզպետ կնշանակվի Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը: Վերջինս իշխանափոխությունից հետո «թռիչքային» կարիերա ունեցող նախկին հանրապետական է: Վահրամ Խաչատրյանը Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարն էր: Այդ պաշտոնում ընտրվել էր 2016թ.-ին:
2018թ. իշխանափոխության օրերին հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. հունիսի 29-ի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ: Ամիսներ անց՝ նոյեմբերի 2-ին, նշանակվել էր Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով մարզպետի տեղակալի պաշտոնից:
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Վահրամ Խաչատրյանի նշանակումը Արմավիրի մարզպետի պաշտոնում տեղի կունենա կառավարության այս շաբաթվա նիստում:
Irakanum.am