Շրի Լանկայի բանտարկված նախկին նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեն շաբաթ օրը շտապ տեղափոխվել է պետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ արտասահմանյան ուղևորությունների համար պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու մեղադրանք առաջադրվելուց մեկ օր անց։
Ռանիլ Վիկրեմեսինգհեն, որը կալանավորվել էր ուրբաթ երեկոյան, տառապում էր ուժեղ ջրազրկումից և մանրակրկիտ հսկողության կարիք ուներ, AFP գործակալությանը հայտնել է Կոլոմբոյի ազգային հիվանդանոցի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուկշան Բելլանան։
«Նա լուրջ բարդություններից խուսափելու համար մանրակրկիտ հսկողության և սուր ջրազրկումից բուժման կարիք ունի,- ասել է Ռուկշան Բելլանան։- Երբ նրան բերեցին, նա ուներ ծանր շաքարախտ՝ բարձր արյան ճնշմամբ»։
Ընդ որում, Բելլանան ասել է, որ Վիկրեմեսինգհեի վիճակը «կայուն» է։
Շրի Լանկայի նախկին նախագահը տեղափոխվել է երկրի գլխավոր պետական հիվանդանոց, քանի որ նրա վիճակը վատացել էր, իսկ բանտի բուժհաստատությունը հագեցած չէր նրան բուժօգնություն ցուցաբերելու համար, հայտնել է բանտի ներկայացուցիչը։
Ընդդիմադիր օրենսդիրները, որոնք ավելի վաղ օրվա ընթացքում այցելել էին 76-ամյա Վիկրեմեսինգհեին բանտում, հայտնել են, որ նա լավ տրամադրություն է ունեցել։
Ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրել են նրան բանտարկելու մեջ՝ մտավախություն ունենալով, որ նա կարող է վերադառնալ իշխանության։
Վիկրեմեսինգհեն սեպտեմբերին կայացած վերջին նախագահական ընտրություններում պարտվել է Անուրա Կումարա Դիսանայակեին, սակայն մնացել է քաղաքականապես ակտիվ՝ չնայած ընտրովի պաշտոն չզբաղեցնելուն։ Նա ձերբակալվել է ուրբաթ օրը՝ 2022 թվականին ամենածանր տնտեսական ճգնաժամը տարած կղզի-պետությունում համատարած կոռուպցիայի դեմ Դիսանայակեի արշավի շրջանակում։