00:00:00

Հայտնի է՝ ով է քննելու Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի քրեական գործը

14:02, 01 օգոստոս 2025 Իրավական

ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին,ով  այժմ քննում է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեկան գործը:

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի Սեյրան Մուշեղի Օհանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի՝ ՆՀ-174-Ն հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։
Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 ՀՀ դրամ աշխատավարձ։

Արծվիկ Գարեգինի Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի՝ թիվ ՆՀ-174-Ն հրամանագրի, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1237-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության համաձայն՝ հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, պատասխանատու լինելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ և լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները և նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:

Աշոտ Բենիկի Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Լևոն Երջանիկի Բարսեղյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար տրամադրել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Բենիամին Սուրենի Ղալեչյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Էդգար Գարիկի Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր