00:00:00

«Զանգեզուրի միջանցք» նախագծին աջակցում են որոշ պանթուրքիստական շարժումներ. Վելայաթի

22:50, 28 հուլիս 2025 Աշխարհ

 

 

«Զանգեզուրի միջանցք» նախագծով ԱՄՆ-ն ու Իսրայելը նպատակ ունեն վնաս հասցնել Իրանի ազգային անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլա Խամենեիի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ իրականում թաքնված է լայն աշխարհաքաղաքական ծրագիր, որի իրական նխատակն է թուլացնել «դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և հարավում Իրանի ու Ռուսաստանի դեմ իրականացնել ցամաքային բլոկադա»:

Ալի Աքբար Վելայաթիի խոսքով՝  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծին աջակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը, նպատակ ունենալով Ուկրաինայից ճնշումը տեղափոխել Կովկաս, այլև «այդ նախագծին աջակցում են նաև որոշ պանթուրքիստական շարժումներ»:

Նրա խոսքով՝ Թեհրանն ի սկզբանե հստակ ու վճռական կերպով ընդդիմացել է այս քայլերին և նույնիսկ «սահմանին ուժեր է տեղակայել և իրականացնում է կանխարգելիչ զորավարժություններ՝ ցույց տալու համար, որ Իրանի համար ազգային անվտանգությունը կարմիր գիծ է»:

Այսօր Բաքվից արձագանքել են Վելայաթիի այս հայտարարություններին: Մասնավորապես՝ իշխանամետ վերլուծաբանները հակադարձել են , թե «պանթուրքիզմի» մասին խոսելով՝ Թեհրանն ի ցույց է դնում իր վախերը, որոնք պայմանավորված է նրանով, որ Իրանի այն շրջաններում, որտեղ ավելի քան 30 միլիոն թուրք-ադրբեջանցիներ են ապրում, ձևավորվում է թուրքական պետության աշխարհիկ մոդելը:

Ինչ վերաբերում է Թեհրանից հնչող զգուշացումներին՝ Ադրբեջանի հետ սահմանին պարբերար իրականացվող զորավարժությունների տեսքով, ապա Բաքվից հակադարձում են, թե Ադրբեջանի օդուժը վերահսկում է Իրանի հետ ամբողջ սահմանը՝ Արաքս գետով, Ջաբրայիլից մինչև Նախիջևան: Ըստ ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբանների՝ Թեհրանը իրականում ճնշման որևէ գործիք չունի՝ ցուցադրական հռետորաբանությունից բացի, և ռազմական այս սպառնալիքներն ընդամենը թատերական ներկայացում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր