Ուղևորներին տարհանել են American Airlines-ի ինքնաթիռից, որը շաբաթ օրը պատրաստվում էր թռիչք իրականացնել Դենվերի միջազգային օդանավակայանից՝ անիվների անսարքության պատճառով բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Fox Business-ը։
Խնդիրը հայտնի է դարձել, երբ American Airlines-ի՝ Դենվերից Մայամի ուղևորվող թիվ 3023 չվերթը մնացել է թռիչքուղու վրա՝ չկարողանալով օդ բարձրանալ։
Դենվերի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ մարել է հրդեհը։ Boeing 737 Max 8 ինքնաթիռում գտնվող բոլոր 173 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները բարեհաջող դուրս են բերվել ինքնաթիռից։
Հինգ մարդ զննություն է անցել, սակայն հետագա բուժման անհրաժեշըություն չի եղել, մինչդեռ մեկ այլ անձ, որին զննել են նստեցման դարպասի մոտ, թեթև վնասվածքով հոսպիտալացվել է։
Այս միջադեպը ուրբաթ օրվանից ի վեր երկրորդն էր խոշոր ամերիկյան ավիաընկերության մասնակցությամբ։
American Airlines-ը հաստատել է, որ Դենվերի ինքնաթիռը տեխնիկական սպասարկման ընթացքում անվադողի հետ կապված խնդիր է ունեցել, և որ ինքնաթիռը շահագործումից հանվել է տեխնիկական սպասարկման թիմի կողմից զննելու համար։
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հետաքննում է միջադեպը։