Թուրքիայում արդեն մի քանի շաբաթ մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են երկրի մեծությամբ չորրորդ քաղաքին, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է Associated Press-ը։
Թուրքիայի հյուսիսարևմուտքում գտնվող Բուրսան շրջապատող անտառապատ լեռներում գիշերային հրդեհներն արագ տարածվել են՝ քաղաքի արևելյան արվարձանների վրա գիշերային երկինքը բոսորագույն ներկելով։
Բուրսայի նահանգապետի աշխատակազմը կիրակի հայտնել է, որ երկրի հյուսիսարևելքի գյուղերից բարեհաջող տարհանվել է 1765 մարդ, կրակի դեմ պայքարում է ավելի քան 1100 հրշեջ։ Բուրսան մայրաքաղաք Անկարայի հետ կապող մայրուղին փակվել է շրջակա անտառներում բռնկված հրդեհի պատճառով։
Նահանգի ընդդիմադիր պատգամավոր Օրհան Սարիբալը տեղի ունեցածն անվանել է «ապոկալիպսիս»։ Առավոտյան մեղմացած քամին հրշեջներին որոշակի դադար է տվել, և նրանք շարունակել են բոցը մարելու փորձերը։
Անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ շաբաթ օրը հրշեջ ջոկատներն ամբողջ երկրում բախվել են հրդեհի 76 առանձին օջախի։ Հրդեհները սնվում են սեզոնին ոչ բնորոշ բարձր ջերմաստիճաններով, չորային պայմաններով և ուժեղ քամիներով։ Օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Շիռնաք նահանգում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ ըստ Ցելսիուսի, 50,5 աստիճան (ըստ Ֆարենհայթի, 122,9 աստիճան)։
Հուլիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 132 այլ բնակավայրերում։ Յումաքլըն ասել է, որ ամենամեծ վտանգի տակ է երկրի հյուսիսարևմուտքը, այդ թվում՝ Կարաբյուկը, որտեղ երեքշաբթի օրվանից մոլեգնում են անտառային հրդեհները։
Վերջին շաբաթների ընթացքում զոհվել է տասներեք մարդ, այդ թվում՝ 10 կամավոր փրկարար և անտառային տնտեսության աշխատակից, որոնք զոհվել են չորեքշաբթի օրը Թուրքիայի արևմուտքում գտնվող Էսքիշեհիրում բռնկված հրդեհի ժամանակ։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ դատախազությունը հունիսի 26-ից 33 նահանգներում հրդեհներ է հետաքննել՝ հավելելով, որ դատական հայցեր են ներկայացվել 97 կասկածյալի նկատմամբ։ Հրդեհների մասշտաբների պատճառով կառավարությունն ուրբաթ օրը երկու արևմտյան նահանգները՝ Իզմիրն ու Բիլեջիքը, աղետի գոտի է հայտարարել։