Տինդայի մոտ կործանված ռուսական Ան-24 ինքնաթիռը, նախնական տվյալներով, մինչև գետնին բախվելու պահը խնդիրներ չի ունեցել։ РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման եզրակացության եկել են Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) փորձագետները։
Կազմակերպությունից լրատվամիջոցին հայտնել են, որ կատարվում է ձայնագրությունների վերլուծություն։
«Նախնական տվյալներով՝ մինչև երկրի մակերևույթին բախվելը ինքնաթիռի համակարգերի խափանումներ չեն գրանցվել»,- նշել են ՄԱԿ-ում։
Կազմակերպությունից հայտնել են նաև, որ ՄԱԿ-ի նախագահ Օլեգ Ստորչևոյը հուլիսի 25-ին Տինդայում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ան-24-ի ավիացիոն միջադեպը հետաքննող ՄԱԿ հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են օդային աղետի վերաբերյալ նախնական տվյալները, մշակվել է միջոցների և գործողությունների ալգորիթմ։