00:00:00

Ադրբեջանը հայտնել է, որ ՌԴ ՔԿ-ին է փոխանցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների խոշտանգումների վերաբերյալ ապացույցները

16:09, 22 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Ադրբեջանը Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության ապացույցները փոխանցել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին: Այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, տեղեկացնում է Report-ը։

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ռուսաստանի ՔԿ-ն առանձին հետաքննություն է անցկացնում Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների խոշտանգումների վերաբերյալ։

«Մենք քրեական գործ ենք հարուցել ադրբեջանցիների նկատմամբ բռնության փաստի առթիվ։ Կանոնավոր կապ ենք պահպանում ռուսական կողմի հետ՝ թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Գլխավոր դատախազության։ Ռուսական կողմը հայտարարում է, որ տուժածներն իրենց երկրի քաղաքացիներ են, բայց մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չի ճանաչում երկքաղաքացիություն։ Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս կապակցությամբ մենք անցկացրել ենք անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք, ցավոք, հաստատեցին մահվան փաստը՝ խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է այդ գործերի վերաբերյալ քննչական գործողությունները և հավաքված բոլոր ապացույցները փոխանցել է ռուսական կողմին։

«Ռուսական կողմն ինձ տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում բռնության փաստերի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ այս հարցով հարուցված քրեական գործը արդյունքներ կտա»,- հավելել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները դարձյալ սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։

Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանական կողմն ավելի վաղ հրապարակել էր Եկատերինբուրգում ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր