ՀՀ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ գազով բեռնատարների Վրաստանից Հայաստան մուտքի սահմանափակումների վերաբերյալ պետական գերատեսչությունները նոր տեղեկատվություն չեն հաղորդում։
«Ես նոր տվյալների չեմ տիրապետում, որպեսզի հաղորդեմ Ձեզ։ Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Էկոնոմիկայի նախարարը հանդես կգա հայտարարությամբ», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Չնայած նրան, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախկինում հայտարարել էր, թե սահմանային խնդրի լուծումից հետո հեղուկ գազի գինը Հայաստանում կնվազի, շուկայում առայժմ որևէ փոփոխություն չի արձանագրվել։
Վերջին անգամ նախարար Պապոյանի պաշտոնական էջում հեղուկ գազով բեռնատարների շարժի վերաբերյալ գրառում արվել է 6 օր առաջ, որտեղ նշվում էր, որ հուլիսի 1-ից 18-ը ՀՀ է մուտք գործել 103 բեռնատար։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում հայտնի էր, որ Վրաստանի սահմանին սպասում է ավելի քան 500 բեռնատար։
Այսօր այս թեմայի վերաբերյալ գերատեսչություններից որևէ նոր տեղեկատվություն չկա։ Միակ պետական այցը, որը կարող էր առնչվել խնդրին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի Վրաստան կատարած այցն էր։ Սակայն նախարարի հանդիպումները վրաց պաշտոնակիցների հետ ներկայացվել են բացառապես արարողակարգային տոնով՝ առանց որևէ հստակ հաղորդագրության այն մասին, թե քննարկվել են արդյոք հայ վարորդների ահազանգերը՝ կապված հնարավոր կոռուպցիոն դրսևորումների և սահմանը հատելու համար կաշառք առաջարկելու դեպքերի հետ։
Նախարարների հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը շեշտում է երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ առանց անդրադառնալու գազով բեռնատարների հարցին։