Իտալական «Լեոնարդո» պաշտպանական կոնցեռնը, համաձայն թուրքական «Բայքար» ընկերության հետ կնքված պայմանագրի, Իտալիայում կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրություն, Corriere della Serra-ին տված հարցազրույցում հայտարարել է կոնցեռնի գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին։
«Ես գիտեմ, որ Baykar-ն արդեն համագործակցում է Ուկրաինայի հետ և լեհերը ևս իրենց ծառայություններն են առաջարկել։ Մենք, այլ խաղացողների հետ համատեղ, կարող ենք տեխնոլոգիական ներդրում ունենալ։ Կտեսնենք, թե որքան կլինի իրական պահանջարկը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ Չինգոլանին նշել է անօդաչուների համար սարքավորումների ավելացման անհրաժեշտությունը։
«Հուսով ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրա անհրաժեշտությունը կվերանա և այս անիծյալ պատերազմը կավարտվի։ Սակայն հիմա մենք պետք է ավելացնենք սարքավորումների մատակարարման հզորությունները, որոնք այս անօդաչու սարքերն արդյունավետ են դարձնում։ Մենք կարող ենք հսկայական օգնություն ցուցաբերել այդ առումով։ Սակայն մենք չենք նախատեսում գործարան բացել Ուկրաինայում», - եզրափակել է նա։