Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օկուպացված Արցախից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, վստահություն է հայտնել, որ Թուրքիան կրկին կընդգրկվի ամերիկյան F-35 ծրագրում և կստանա «անտեսանելի» կործանիչները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «համաձայնությանը» համապատասխան, հաղորդում է «Անադոլուն»։
«Ես հավատում եմ, որ պարոն Թրամփը հավատարիմ կմնա մեր ձեռք բերած համաձայնությանը։ Կարծում եմ, որ F-35 կործանիչները Թուրքիային կմատակարարվեն փուլ առ փուլ՝ նրա նախագահության ժամկետում», - ասել է Էրդողանը։
Նա համաձայնագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել, սակայն ասել է, որ այս քայլը «աշխարհատնտեսական հեղափոխության մաս» է։
«F-35-ի խնդիրը մեզ համար ոչ միայն ռազմական տեխնոլոգիաների, այլև ՆԱՏՕ-ի նման միջազգային հարթակներում ամուր գործընկերության խնդիր է», - հավելել է նա։
Թուրքիայի պաշտպանական ոլորտի դեմ պատժամիջոցները վատթարացրել են երկու երկրների հարաբերությունները, սակայն անցած հանգստյան օրերին Անկարայում Վաշինգտոնի դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ դրանք, հավանաբար, կչեղարկվեն «մինչև տարեվերջ»։
Թրամփն ու Էրդողանը իրենց բարձրաստիճան դիվանագետներին կհանձնարարեն «ճանապարհ գտնել և վերջ դնել դրան, իսկ Կոնգրեսը կաջակցի խելամիտ որոշմանը», - ասել է նա։
Մարտին Էրդողանը Թրամփի հետ խոսել է գործարքն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին, որը Թուրքիային թույլ կտա գնել ամերիկյան F-16 կործանիչներ և կրկին ընդգրկվել F-35 մարտական ինքնաթիռների մշակման ծրագրում։ Իսկ անցյալ ամիս նա ասել էր, որ տեսնում է պատժամիջոցների ավարտի մոտենալը՝ հայտարարելով, որ Թուրքիան Թրամփի օրոք ականատես է եղել դրանց թուլացմանը։
Վաշինգտոնը 2019 թվականին Թուրքիային հանել է F-35 ծրագրից, իսկ մեկ տարի անց պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ՝ ռուսաստանյան С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման պատճառով, սակայն Թրամփի՝ պաշտոնին վերադառնալուց հետո ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները, կարծես թե, ձգտում են վերջ դնել վեճին։