Irakanum.am-ը երեկ գրել էր, որ մեզ ահազանգել են Արարատի և Արմավիրի մարզի մի խումբ վարորդներ, դժգոհելով, որ տևական ժամանակ է երկու այդ մարզերում գործող մեծաքանակ գազալցակայանները չեն գործում: Երեկ Irakanum.am-ին չէր հաջողվել կապ հաստատել գազալցակայանների տնօրենների հետ: Սակայն այսօր մեզ հաջողվեց կապ հաստատել «Շահումյան- Գազ» ՍՊԸ տնօրեն Էրիկ Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց բացառիկ մանրամասներ, թե ինչու չեն գործում գազալցակայաններն ու իրականում ինչ է գրվել այս ընթացքում որոշ լրատվամիջոցներում, որոնք իրականության հետ աղերս չունեն: Այսպես, ըստ Էրիկ Խաչատրյանի շուրջ երեք ամիս է ընկերության գազալցակայանները չեն գործում, իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել: «Մեր մոտ բոլոր տեսակի ստուգումներն արվել են, ասեմ ձեզ, որ չկա մի կառույց, որ մեր մոտ մտած չլինի, անգամ կատակով մեր աշխատակիցներն ասում են, էս երեք ամսվա մեջ մենակ բժիշկներ չեն եկել»,- ասաց ՍՊԸ տնօրենը, հավելելով, որ ինչպես «Գազպրոմ Արմենիայի», այնպես էլ տեսչական, ՊԵԿ ու իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից արված ստուգումները փաստում են իրենց ընկերությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում:
Էրիկ Խաչատրյանին հարցրեցինք, հարուցված քրեական գործ կար, ինչ փուլում է այն: Խաչատրյանն ասաց, որ գործը քննվել է Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և Մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, որտեղից էլ նախորդ ամիս ստացել են պաշտոնական գրություն, համաձայն, որի գազալցակայաններն անխոչընդոտ կարող են շահագործվել: Ընկերության տնօրենը մեզ տրամադրել է այդ ամենը ապացուցող փաստաթուղթը:
«Բայց «Գազպրոմ Արմենիան» հետևողականերոն չի իրականացնում քննիչի թույլտվությունը, ու մեզ համար խնդիրներ է ստեղծում: Մենք էս երկրում ենք ապրում, հարյուրավոր աշխատակիցներ մնացել են անգործ: Փաստն է, որ գազալցակայանները կարող ենք աշխատացնել, բայց թե ում ենք խանգարում, էս պահին չեմ ուզում ասել, բայց դրա ժամանակն էլ կգա»,- ասաց Էրիկ Խաչատրյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե այդ դեպքում ինչու չեն գործում գազալցակայանները: Խաչատրյանը միայն ասաց, որ ընդամենը երեք գազալցակայան է հիմա գործում:
Ինչ վերաբերում է մամուլում հրապարակվող այն տեղեկություններին, թե «գազագողությամբ» են զբաղվել, գործում է «բանդա», ընկերության տնօրենն ասաց, որ դրանք իրականության հետ որեւէ աղերս չունեն: «Գրում են, թե իբր «գազագողության բանդայի» անդամներից մեկը՝ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, վերջերս վերադարձել է Հայաստան։ Իսկ, ինչի պիտի չգար, Վիլենը ոչ հանցագործ է, ոչ էլ «գազագող»: Չի կարելի է առանց մարդուն ճանաչելու, առանց հասկանալու թե ինչ խնդիրներ կան, և ովքեր են դրանք արհեստականորեն ստեղծում, նման բաներ գրել: Էլի եմ ասում, մենք էս երկրում ենք ապրում, թող մի վարորդ հելնի ասի, մեր մոտից անորակ գազ է լցրել, կամ թող «Գազպրոմ Արմենիան» ասի, թե ինչու են պռոբլեմ ստեղծում»,- ասաց տնօրեն: Հարցին, թե ինչ շահ ունի «Գազպրոմ Արմենիան», Էրիկ Խաչատրյանն ասաց, թե այս պահին այդ մասին խոսել չեն ցանկանում, բայց ժամանակը կգա, հանրություն էլ, նման լուրեր տարածողներն էլ կիմանան, թե ինչ է կատարվում իրականում: «Միայն կասեմ էն, որ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են իրական գազագողերն ու որն է իրենց նպատակը»,- ասաց նա: Այլ հարցրերի պատասխանել ընկերության տնօրենը չցանկացավ, մեկ անգամ ևս հայտնելով, որ լրատվամիջոցի հետ կապ հաստատելու նպատակն այն է եղել, որ փարատի մարզերի բնակիչների անհանգստոությունն ու ահազանգերը:
Նշենք, որ հիշյալ ընկերությունը և հիշատակված երկու մարզերում գործող գազալցակայանները պատկանում են նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանին և Կարո Կարապետյանի որդուն՝ Վիլեն Կարապետյանին: Միաժամանակ հայտնում ենք, որ մենք հետևողական ենք լինելու, պարզելու համար, թե ովքեր են իրականում հերթական բիզնես գործունեությունը Հայաստանում վերացնելու գործի «քավորներն» ու ինչ շահադիտական նպատակներ են հետապնդում:
Irakanum.am