00:00:00

Ավարտվել է Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

20:39, 29 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը.  ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվերով: Բազմակողմանի քննության ընթացքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս։ Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված  ապացույցների համաձայն՝  Կ.Փիրուզյանի սպանությունն  իրագործելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն  սկսվել են դեռևս 2016թ. հունիսից՝  նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի կողմից Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի երկու մտերիմներին սպանելու պատճառով  վրեժխնդիր լինելու նպատակով։ Համաձայն ստանձնած դերաբաշխման՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանը հետևել է Կ.Փիրուզյանի տեղաշարժին և դեպքի օրն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել  նրա ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։  Քրեական գործի տվյալների համաձայն՝ ատրճանակը Դավթյանին է տրամադրվել  Վ.Աբգարյանի կողմից։ Մինչ սպանությունն իրականացնելը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Մարցի ձոր» կոչվող տեղանք՝ զենքին լավ տիրապետելու, դիպուկ  կրակելու հմտություններ ձեռք բերելու համար։ Բացի այդ, պարզվել է, որ Վ.Աբգարյանը՝ Կ.Փիրուզյանի սպանությանն իր առնչությունը կոծկելու նպատակով կաշառք է տվել վարույթն իրականացնող պաշտոնատար երկու անձի։ Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անջատվել առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։ Իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել փոփոխել ավելի վաղ Վ.Աբգարյանին և Վլ.Դավթյանին առաջադրված մեղադրանքները, և նրանց առաջադրվել են նոր մեղադրանքներ: Այսպես՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Վլ.Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր