00:00:00

Աթենք-Երևան չվերթի ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 4 000 հաբ, 970 գրամ կոկաին, 885 հատ թմրամիջոց պարունակող հաբ, տարբեր գրառումներով 15 դեղապատիճ

15:29, 03 մայիս 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են՝ թմրամիջոցների մաքսանենգության դեպք է արձանագրվել մայիսի 1-ին։

 

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։

 

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։

 

Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։

 

Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր