ԱՄՆ Թենեսի նահանգում շաբաթ առավոտյան միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք մարդիկ, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ Mooney M20TN ինքնաթիռը կործանվել է Սպարտա քաղաքի Ափեր Քամբերլենդ տարածաշրջանային օդանավակայանից հարավ գտնվող վայրում։
Ափեր Քամբերլենդ տարածաշրջանային օդանավակայանի տնօրեն Դին Սելբին հայտնել է, որ օդանավակայանը ինքնաթիռի վթարի մասին հաղորդում է ստացել մոտավորապես ժամը 11:50-ին:
Կարճ ժամանակ անց օդանավակայանը հաղորդում է ստացել Մեմֆիսի օդային երթևեկության կառավարման կենտրոնից այն մասին, որ ինքնաթիռի հետ կապը կորել է։
Ըստ Սելբիի, ինքնաթիռը օդ էր բարձրացել Ալաբամայից և մոտենում էր օդանավակայանին, երբ այն վթարի է ենթարկվել։
Նա նշել է, որ արտակարգ ծառայությունները, հրշեջները և փրկարարները, կամավորների հետ միասին, որոնել են վթարի վայրը և կարողացել են գտնել այն միայն այն բանից հետո, երբ օդանավակայանը որոնողական ինքնաթիռ է օդ բարձրացրել:
Այն տարածքը, որտեղ հայտնաբերվել է ինքնաթիռը, Սելբին նկարագրել է որպես «հեռավոր»։ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, որը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում, դեպքի վայր է ժամանել վթարից մի քանի ժամ անց։
Հետաքննությունը ղեկավարող Տրանսպորտային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը ժամանելու է կիրակի օրը։