00:00:00

Պարեկին մեղադրանք է ներկայացվել

17:33, 08 ապրիլ 2025 Իրավական

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն: Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ:

Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով  ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։ Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30