00:00:00

Խփում էին ու ասում՝ դե մեռեք․ ցմահ դատապարտվածը՝ Նուբարաշեն ՔԿՀ–ում օրեր առաջ տեղի ունեցածի մասին

16:51, 08 ապրիլ 2025 Իրավական

Irakanum.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Զանգահարողը անցած շաբաթ ծեծի ենթարկված ցմահ դատապարտյալներից մեկն էր, ով մեզ հետ զրույցում նշեց, թե պաշտոնական մակարդակով եղած բոլոր հայտարարությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ «Մտան կամեռ ու սկսեցին ջարդուփշուր անել: 3 հոգին ենք մեր կամեռում, 3-իս էլ ջնջխեցին: Բացեցին դուռը, մտան ներս ու գետնին գցեցին»,-պատմեց ցմահ դատապարտյալներից մեկը, ում  անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Նա նշեց նաև, որ իրենց վրա քրեական գործեր են հարուցել: Ցմահ դատապարտյալներն էլ իրենց հերթին դիմել են գլխավոր դատախազություն և պահանջել, որ կատարվածի առթիվ քրեական գործ հարուցվի և իրենց ծեծի ենթարկողները և նման հրահանգ տվողները պատասխանատվության ենթարկվեն. «Մեզ ծեծի ենթարկելուց բացի, խցում ինչ կա ջարդել ու փշրել են, ոչ միայն պետական գույքը, այլ նաև մեր անձնական իրերը: Իմ ծնողները մահացած են և նրանցից հիշատակ մնացած առարկաները ևս ջարդեցին, ակնոցներս ջարդեցին: Խփում էին ու ասում՝ դե մեռեք»,-պատմեց ծեծի ենթարկված ցմահ դատապարտյալը:

Նա նաև նշեց, որ ցանկանում են մամուլի ասուլիս հրավիրել կատարվածին առավել հանգամանալից անդրադառնալու համար. «Չգիտենք, թե ինչպես է հնարավոր, բայց խնդրում ենք, որ լրագրողները գան և լուսաբանեն կատարվածը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց»:

ՄԻՊ գրասենյակից էլ հայտնել էին, որ թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին:

 ՔԿԾ-ն այնուհետև  պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ, նա տեղափոխվել էր այլ ՔԿՀ, ինչի հետևանքով սկսվել էին անհնազանդություններ:

Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»:

Irakanum.am

 

 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30