00:00:00

ԱԳՆ-ից հերքել են, որ Միրզոյանը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ, բայց հաստատել են, որ Դուբայում, այդուհանդերձ, եղել է

21:22, 07 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու չի հաղորդվել Արաբական Միացյալ Էմիրություններ Արարատ Միրզոյանի կատարած այցի մասին։ 

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձել են հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ «Փաստինֆո»-ն մերժել է աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց ԱԳՆ-ից հաստատել են, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։  

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ 

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել  «տարանցիկ երկրում»։  Եվ ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի՝ Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։

Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ լրատվամիջոցն ունի ականատես։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30