Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք այդ հարցով զբաղվելու մանդատ ունենք (անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանում ԿԽՄԿ-ն այլևս չի գործում- խմբ.)։ Այս պահին դեռ տեսակցություն տեղի չի ունեցել։ Այս հարցով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ»,- ասել է Ամատունին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև սյունեցի կնոջ 2 երեխաները։
Մուսաևի նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, երկամսյա կալանք է կիրառվել։