ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին է անդրադարձել, թե «Արծվաշեն գյուղը կարող է տեղաշարժվել» և թե «Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնում կա, որ անկլավներ ու էքսկլավներ չլինեն»։
Խաչատրյան այս պնդումների առնչությամբ նշել է՝ Փաշինյանը պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին, որը կխրվի Հայաստանի թիկունքին։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախորդ օրվա՝ առանց անկլավ, առանց էքսկլավ Հայաստանի և Ադրբեջանի տեսլականը բացարձակապես չի նշանակում, թե ինքն Ալիևի հետ ունի ինչ-որ մի համաձայնություն, որ Տիգրանաշենը կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, իսկ Ադրբեջանին կանցնի Արծվաշենը։ Ո՛չ, Փաշինյանն ուղղակի հաստատեց, որ պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին, որը կխրվի Հայաստանի թիկունքին, իսկ Ադրբեջանը Հայաստանին կտա մի փոքրիկ ելուստ»,- նշել է Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ ինչքա՞ն կլինի այդ սեպը և ինչքա՞ն՝ ելուստը, Փաշինյանը այդպես էլ չի հիմնավորել․
«Չհիմնավորեց, չասաց։ Ասաց՝ դե մի քիչ աջ, մի քիչ ձախ, կբերենք Հայաստանին ավելի մոտ, Տիգրանաշենը կտանեն Ադրբեջանին ավելի մոտ․․․ Ի՞նչ տրամաբանությամբ, ինչո՞ւ։ Կա գյուղ, օրինակ՝ Արծվաշենը, ինչի՞ ես Արծվաշենը մոտ բերում, ինչքա՞ն ես մոտ բերում։
Չէ, ուղղակի դա իր նահանջի ռազմավարությունն էր, այլապես որևէ տրամաբանություն չկա»։