Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ») Ռուսաստանում գործող հանրային սննդի օբյեկտների համար նոր կանոններ մտցնելու խնդրանք-դիմում է ուղարկել «Ռոսպոտրեբնադզորին»։ Դավանկովն առաջարկել է ռեստորանների, ճաշարանների, սրճարանների սեղաններին չդնել աղամաններ և շաքարամաններ։
«Ռուսաստանում ամենատարածված ախտորոշումներն են ճարպակալումն ու շաքարային դիաբետը, ինչը կապված է ոչ ճիշտ սննդակարգի հետ։ Յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին, սովորությունից դրդված, աղ է ավելացնում առանց այն էլ աղի ուտեստներին։ Ընդ որում, սննդի օբյեկտներում յուրաքանչյուր սեղանի վրա դրվում է աղաման և շաքարաման։ Սա քաղաքացիների մոտ ձևավորում է աղի ու շաքարի՝ չափից ավելի սպառման վատ սովորություն»,- «Ռոսպոտրեբնադզորին» գրել է Դավանկովն ու այնուհետև ձևակերպել իր առաջարկը՝ հանձնարարել Ռոսպոտրեբնադզորի համապատասխան ստորաբաժանումներին՝ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, նոր կանոններ սահմանել հանրային սննդի օբյեկտների համար և թույլ չտալ սեղաններին աղամաններ ու շաքարամաններ դնել։