Բաքվում մեկնաբանել են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես համաձայն չէ, որ Բաքվի պահվածքը կարելի է որակել որպես նոր պայմաններ։
Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է. «Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից»:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի «տարածքային պահանջների» մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրությամբ, Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հայցերով և քաղաքական հայտարարություններով, հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։ Երրորդ երկրները նույնպես դա լիովին գիտակցում են»:
Հաջիզադեն ասել է. «Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներից» և չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»: